ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարությունում սահմանադրական լիազորությունների վերաբերյալ փաստարկները։
«Անակնկալ էր ինձ համար նրա հրաժարականը, թե ոչ, էական չէ, հանրապետության նախագահն ինքն է որոշում պաշտոնավարումը շարունակելու հարցը։ Չնայած բերված փաստարկներին, այնուամենայնիվ, ես հարգում եմ Սարգսյանի որոշումը, որպես առողջապահության նախարար անձամբ առիթ եմ ունեցել նրա հետ աշխատելու»,– ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թորոսյանը։
Սարգսյանն իր հայտարարության մեջ նշել էր, թե չի կարողանում վետո դնել այն օրենքների վրա, որոնք վնաս են Հայաստանի համար։ Թորոսյանի խոսքով` ժողովրդի կողմից քվե ստացած Ազգային ժողովի օրենքը չի կարող վետոյի արժանանալ ԱԺ–ի կողմից ընտրված պաշտոնյայի կողմից։
Նշենք, որ 2015 թվականին սահմանադրության փոփոխություններից հետո ՀՀ նախագահին ընտրում է միայն ԱԺ–ն։
«Այստեղ կան տրամաբանական և իրավաբանական հակասություններ, սակայն նախագահի կողմից կան ՍԴ դիմելու մեխանիզմներ թե՛ մինչև օրենքի ստորագրումը, թե՛ դրա աշխատանքի ընթացքում։ Պետական շահի գիտակցումը կամ չգիտակցումը որոշվում է ժողովրդավարական այլ ինստիտուտի միջոցով` ընտրություններով»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնից։ Նա նշել էր, որ նախագահն անհրաժեշտ գործիքներ չունի երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորների թիվը մեկ քառորդից ավելի է։