Դատարանի այս կազմով արդար դատաքննության ակնկալիք չունենք. Դավիթ Գալստյանի պաշտպան

Արմեն Անդրիկյան
Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի պաշտպանը հայտարարությամբ հանդես եկավ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» պաշտպան Արմեն Անդրիկյանը հայտարարեց, որ այս պահից սկսած` այլևս Գալստյանի գործով անկախ ու անաչառ դատարանի հետ գործ չունեն: Անդրիկյանը լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց` անդրադառնալով դատարանի որոշմանը:
Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց մերժել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և գործով անցնող մյուսներին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և ՔԿ-ական պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը: Միայն գործով անցնող Արտյոմ Համբարյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

«Անօրինականությունների շղթան, որն իրականացվեց նախաքննության ընթացքում, դատախազության կողմից մեղադրական եզրակացություն կազմելուց, հիմա էլ շարունակվեց դատարանում: Մենք ասում էինք, որ քրգործերը այս կամ այն դատավորին ձեռքով մակագրելը ճիշտ չէ, ինչը հաստատվեց նաև այսօր»,-ասաց Անդրիկյանը:

Նրա խոսքով` այս պահից սկսած` դատարանի առկա կազմով արդար դատաքննության ակնկալիք չունեն, այսինքն որպես պաշտպան` դատարանից արդար դատաքննության ակնկալիք չունի:
Անդրիկյանը հավելեց, որ դատարանի այսօրվա որոշումը վերաքննիչ բողոքարկելիս կշեշտեն նաև քրգործերը ձեռքով մակագրելու հետ կապված մի շարք հարցեր:
Ոչ ոք չի կարող հերքել, որ «ոչ պիտանի» հրթիռները պատերազմի ժամանակ օգտագործվել են. Սարգսյան
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Դատարանը դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է կալանավորված անձանց խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են պաշտպանության նախկին նախարարին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։