ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1 տոկոսով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական վերլուծության մեջ։ Մասնավորապես Հայաստանում աճը կազմել է 2,7%, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 5,2%:
ԵԱՏՄ երկրները զգալիորեն ավելացրել են փոխադարձ առևտուրը` Հայաստանը՝ 27,4% – ով, Բելառուսը՝ 24,8% – ով, Ղազախստանը՝ 35,3% – ով, Ղրղզստանը՝ 30,4% – ով, Ռուսաստանը՝ 35,2% – ով:
Գյուղատնտեսական արտադրությունը նվազել է միության բոլոր երկրներում` Հայաստանում՝ 1.3% – ով, Բելառուսում՝ 4.4% – ով, Ղազախստանում ՝ 2.5% – ով, Ղրղզստանում՝ 4% – ով, Ռուսաստանում՝ 1.1% – ով (մասնավորապես Հայաստանում նվազել է բանջարեղենի արտադրությունը, Ռուսաստանում՝ հացահատիկի բերքը, ինչն ազդել է մեր հանրապետությունում ալյուրի և հացի գների վրա):
Հայաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակն արտահայտվում է նաև նրանով, որ արագ աճում է ոչ թե արդյունաբերությունը, այլ շինարարությունը։ Շինարարության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում ՀՀ–ում կազմել է 14,9%, Ղազախստանում ՝ 6,2%, Ղրղզստանում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 5,5%, իսկ Բելառուսում կրճատվել է 14,8%–ով:
Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճը բարձր է եղել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։ 2021 թվականի նոյեմբերին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,6%, Բելառուսում՝ 10,3%, Ղազախստանում՝ 8,7%, Ղրղզստանում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,4%:
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։