Եկեք անկեղծ լինենք։ Երբ մենք՝ հայաստանցիներս, լսում ենք, թե մեծահարուստները իրենք են խնդրում բարձրացնել իրենց հարկերը, պարզապես չենք հավատում։ Մինչդեռ այս շաբաթ աշխարհի տարբեր երկրներում ապրող հարյուրավոր մեծահարուստներ համատեղ բաց նամակ են հասցեագրել Դավոսի ամենամյա ֆորումի մասնակիցներին՝ կառավարություններին հորդորելով ավելի շատ փող գանձել իրենցից և այդ գումարն ուղղել կորոնավիրուսի համավարակի հետևանքների վերացմանը։
Ի դեպ, կորոնավիրուսը ազդել է հենց Դավոսյան համաժողովի վրա, որն այս տարի անցկացվում է բավական անսովոր, աննախադեպ ձևաչափով՝ այսօր ավարտվում է դրա վիրտուալ, առցանց փուլը, իսկ մասնակիցները Շվեյցարիայում առերես կհանդիպեն ավելի ուշ՝ ամռանը։
Ինչո՞վ է պայմանավորված միլիոնատերների այս առաջարկը՝ հրաժարվել սեփական կարողության մի մասից հանուն նրանց, ովքեր ամենից շատ են տուժել համավարակից։ Իսկ տուժողները աղքատներն են և միջին խավի միլիոնավոր ներկայացուցիչներ՝ այն մարդիկ, որոնք միայն աշխատավարձով են ապրում կամ փոքր բիզնես ունեն, օրինակ` սրճարաններ և ռեստորաններ են աշխատեցնում։ Հայաստանցի պաշտոնյաներն իհարկե կարող են առարկել և վկայակոչել վիճակագրական տվյալները, որոնց համաձայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է մոտ 7 տոկոսով։
Իրականում այդ պաշտոնյաներն էլ հրաշալի գիտեն, որ դա մեծ բլեֆ է, որի հիմքում հանրահայտ տխուր կատակն է՝ եթե աղքատը չի կարող իրեն թույլ տալ օրական գոնե մի կտոր հավ ուտել, իսկ հարուստը մեկ լրիվ հավ է ըմբոշխնում ճաշին, ապա նրանցից ամեն մեկը միջինով օրական ուտում է կես հավ։ Այսինքն` եթե ձեր աշխատավարձի աճը կազմել է 0, իսկ հարուստը իր կարողությունն ավելացրել է 20 տոկոսով, ապա ձեր երկուսից ամեն մեկի եկամուտները միջինով աճել են 10 տոկոսով։
Իսկ այն, որ մեծահարուստները պարզապես ֆանտաստիկ շահույթ են ապահովել վերջին երկու` կորոնավիրուսային տարիների ընթացքում, կասկածից վեր է։ Միայն մեկ-երկու թիվ բերեմ։ Համաճարակի ընդամենը մեկ տարվա ընթացքում միլիարդատերերի թիվն ավելացել է 17 ժամը մեկ և հիմա կազմում է 2755։ Իսկ նրանց ընդհանուր կարողությունը 8 տրիլիոնից հասել է 13 տրիլիոն դոլարի։ Նման արագ հարստացում աշխարհում չի եղել երբեք, և թվում էր, թե մեծահարուստները պիտի Աստված կանչեին, որպեսզի համավարակը հնարավորինս երկար շարունակվի։ Փոխարենը նրանք ոչ միայն ասում են՝ վերցրե՛ք մեզանից այն, ինչ ստացել ենք համավարակի շնորհիվ, այլև կոնկրետ հաշվարկներ են ներկայացնում՝ եթե միլիոնատերերն ու միլիոնատերները 2-ից 5 տոկոսի չափով ավելի հարկ վճարեն, հնարավոր կլինի ամեն տարի լրացուցիչ 2 ու կես տրիլիոն դոլար հավաքագրել և աղքատության ճիրաններից ազատել 2 ու կես միլիարդ մարդու։
Մեծահարուստներից լրացուցիչ գումար գանձելու գաղափարը գոնե Ամերիկայում հիմա բավական իրական է դարձել, պնդում են մասնագետները։ Ինչո՞ւ։ Գիտեք իհարկե, որ այս հարցում երկու հակադիր մոտեցում կա։ Մեկը Ռոնալդ Ռեյգանի և Մարգրետ Թետչերի դիրքորոշումն է՝ ոչ մի դեպքում չպետք է լրացուցիչ հարկային բեռ դնել հարուստների ուսերին՝ թող ավելի հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, նոր աշխատատեղեր ստեղծեն, մնացածն էլ այդ ամենից կօգտվեն։ Մյուսը Բարաք Օբամայի և ընդհանրապես դեմոկրատների համոզմունքն է՝ ով շատ է ստանում, շատ էլ պարտավոր է վճարել և օգնել անապահովներին։ Հիմա Ամերիկայում ամեն ինչ հենց դեմոկրատների ձեռքին է՝ թե՛ նախագահի պաշտոնը, թե՛ Կոնգրեսի զույգ պալատները։
Բոլոր դեպքերում Արևմուտքում վեճերն այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է գոնե մեղմել սոցիալական անհավասարությունը, շարունակվում են։ Մինչդեռ հայաստանյան իշխանությունները շարունակում են երգել այն նույն երգը, որով ժամանակին գայթակղեցին իրենց հազարավոր աջակիցներին դեռ «թավշյա հեղափոխության» օրերին. «Հետ կբերենք նախկինների դղյակները և նրանց թալանածը կվերադարձնենք ժողովրդին»։
Քանի տարի է արդեն՝ ժողովուրդը սպասում է, թե երբ վերջապես հետ կբերվի այդ թալանածը ու կվերադարձվի իրեն։ Անկեղծ խոստովանեմ՝ ես էլ մեծ հույսեր ունեմ, որ ինձ գոնե մի քառակուսի մետր տարածք բաժին կհասնի Ծաղկաձորի «Գոլդեն փելես» շքեղ հյուրանոցում։ Ինչո՞ւ հենց այնտեղ։ Որովհետև տարիներ առաջ, երբ արտասահմանում աշխատելուց հետո վերադարձա Հայաստան, մաքսայինը հսկայական գումար գանձեց անձնական իրերիս՝ իմ հին վերնաշապիկների ու գրքերի համար, ու փաստորեն թալանեց ինձ։ Իսկ «Գորդեն փելեսը» երեք տարի առաջ պետությանն անցավ որպես նվիրատվություն հենց Մաքսային կոմիտեի նախկին ղեկավարից։ Ճիշտ է` առայժմ սպասումներս զուր են՝ 6 անգամ աճուրդ կազմակերպվեց, սակայն ոչ ոք ցանկություն չհայտնեց գնել այդ դղյակը և վերադարձնել ինձնից թալանածը։ Բայց չեմ կորցնում հույսս՝ փետրվարին կայանալու է յոթերորդ աճուրդը։