ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 19-ին Ճարտար քաղաքում։ Տուժել է 4 երեխա։ Նրանցից 3-ի վնասվածքները եղել են միջին ծանրության, 1-ին՝ ծանր։ Երեխան ունեցել է ողնաշարի բարդ կոտրվածք։
«Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ բժիշկների ցուցմամբ նրան պետք էր տեղափոխել Երևան ուղղաթիռով: ԱՀ կառավարությունը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ուղղաթիռի տրամադրման խնդրանքով, որը բավարարվել է նրանց կողմից, սակայն երեկվա վատ եղանակային պայմանների պատճառով թռիչքը տեղի է ունեցել այսօր առավոտյան»,- տեղեկացնումէ Բեգլարյանը։
Երեխան արդեն Երևանում է՝ բժիշկների վերահսկողության տակ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց ծանր ու բարդ վիրահատություններ են սպասվում։ ԱՀ պետնախարարը հուսով է, որ կհաջողվի վերականգնել նրա առողջությունը։
«2020թ. պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ ուղղաթիռի օգտագործման նման հրատապ կարիք է ծագել, և, բարեբախտաբար, հաջողվել է խնդիրը լուծել: Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին և հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին՝ այս մարդասիրական բնույթի սուր խնդիրն արագ ու արդյունավետորեն լուծելու համար»,- գրում է Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ սա Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեության և համագործակցության հերթական օրինակն է:
Հավելենք, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էտարածվել, թե Ադրբեջանն արգելել է բժշկական ուղղաթիռի ժամանումը Երևանից Ստեփանակերտ։