Ասել է, որ հայուհի է, մերկ լուսանկարներ է ուղարկել և պահանջ ներկայացրել արցախցուն. ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայություններն ակտիվացրել են Արցախում բնակվող անձանց հետ սոցիալական ցանցերում կապ հաստատելու փորձերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Արցախի բնակչին լրտեսության դրդելու հերթական դեպքը։

«Telegram-ում կեղծանունով գրանցված օգտատերը, ներկայանալով որպես հայուհի, Արցախում բնակվող անձի հետ սկզբում վարել է մտերմություն ձևավորելու նպատակ հետապնդող խոսակցություն, նրան ուղարկել իր մերկ նկարները, պահանջել նույնպիսի նկարներ, որից հետո իրենց հաղորդակցության բովանդակությունը հրապարակելու սպառնալիքի տակ պահանջել տրամադրել տեղեկություններ, տարբեր տեղանքների լուսանկարներ` խոստանալով նաև վճարել մատուցած ծառայությունների դիմաց` նախապես ուղարկված բանկային հաշվին գումար փոխանցելու եղանակով»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:
ՀՀ քաղաքացիները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հանձնել Ադրբեջանին. ԱԱԾ
Միաժամանակ ԱԱԾ–ն կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ անծանոթ օգտատերերի հետ շփումներից ու կասկածելի առաջարկներ ընդունելուց, Արցախի Հանրապետության անվտանգությանը սպառնացող տեղեկություններ տրամադրելուց։
Նման պահանջներ կամ առաջարկներ ստանալու դեպքում պետք է անհապաղ հաղորդել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:
ՀՀ ԱԱԾ-ն Արցախյան պատերազմի ընթացքում պետական դավաճանության հատկանիշով 1 գործ է քննել
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը Հայաստանի օգտին լրտեսած քաղաքացու է ձերբակալել