ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, պարտավորեցրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարտվել է արտասահմանյան խաղատներում 100 մլն դոլարից ավել գումար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Օգոստոսի 25–֊ին Սուքիասյանը ԱԺ ամբիոնից էր հայտարարել, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։
Այսօր կայացած նիստի ժամանակ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Դատավորը պարտավորեցրեց հայցվոր կողմին ապացուցել, որ իր արտահայտություններով Սուքիասյանը հանրային կերպով արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։
«Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը», -գրում է կայքը։
Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 18-ը, ժամը 16։00-ն։
Հիշեցնենք` 2021թ.–ի օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է նույն Բադեն-Բադեններում»:
Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Դրանից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր «պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը» հերքելու պահանջով դիմել է դատարան։