ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը որոշման հայտարարության ընթացքում հայտնել է դատարանի ղեկավար Ջեյմս Օլսոպը։
Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:
Մրցումները տեղի կունենան «Մելբուրն պարկ» կորտում հունվարի 17-30-ը։ 9-ակի չեմպիոն Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը Ավստրալիա է ժամանել հունվարի 5-ին Australian Open-ին մասնակցելու համար։ Հաջորդ օրը նրան տեղափոխել են միգրացիոն մեկուսարան։ Չորս օր անց Ջոկովիչն ազատ է արձակվել մեկուսարանից դատարանի որոշմամբ, սակայն հունվարի 14–ին Ավստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուկը որոշում էր կայացրել չեղարկել մարզիկի վիզան՝ «հասարակական շահերից ելնելով»: