ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։
Այսպես, այսօր Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ վերջինիս որդին, «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին իջել է մեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):
«Վազ 2121»-ի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: