Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Ուժային համակարգում աշխատողների կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի ուշացումներ չլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախում, ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Մասնավորապես, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25 000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ, ահա, փետրվարին կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:
Թոշակների ու նպաստների բարձրացումը կյանքի որակի էական փոփոխության չի հանգեցնի. փոխնախարար
Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը։ Մասնավորապես, բարձրացվել է հիմնական կենսաթոշակը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը, հաշմանդամ երեխաներին, միայնակ մոր երեխաներին տրամադրվող նպաստի չափը։