ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը:
«Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- ասաց Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։
Լավրովը հույս հայտնեց, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրքական կողմի ներկայացուցիչը ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրանց առաջին հանդիպումը կայանալու է այսօր։ Նրանք արդեն Մոսկվայում են։