Հայաստանում կտեղադրվի Հիսուս Քրիստոսի արձանը. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականն սկսում է նոր մեգանախագծով։ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնում է այդ մասին։
«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ Հայաստանում պետք է ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել` հանձնարարությունն արդեն տվել եմ, ճարտարապետներն ու քանդակագործները զբաղվում են»,–ասում է Ծառուկյանը։
Ծառուկյանի ցանկությամբ քանդակը պետք է լինի խորհրդանշանական բարձրությամբ. միայն քանդակը՝ 33 մետր, ինչպես Ծառուկյանն է ասում` Հիսուսի ապրած տարիների չափ։ Ի դեպ, պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։
«Ուզում եմ մրցույթ հայտարարել` ամենաուժեղը կպարգևատրվի մեծ պարգևատրումով: Իմ նպատակն է, որ ամենաբարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը ճանապարհ ցույց տա»,–ասում է Ծառուկյանը։
Նա հավելում է, որ հենց այս տարի արձանի հիմքը կդրվի։