ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ցանկանում է դառնալ Դատավորների միության նախագահ, իսկ դատավորների ժողովին մասնակցում է հենց նախագահ ընտրվելու ակնկալիքով։ Նա նման հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում։
Շրջանառվող լուրերի համաձայն` մի շարք դատավորներ պատրաստվում են տապալել Դատավորների միության նախագահի ընտրությունը։
«Ես նման տեղեկատվություն ստացել եմ, որ կազմակերպված է տապալել Դատավորների միության նախագահի ընտրությունները։ Չեմ կարող ասել` դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,–նշեց Ազարյանը։
Նշենք, որ բացի Ազարյանից, հայտնի է նաև դատավոր Ելիզավետա Դանիելյանի անունը, որը ևս ինքնաառաջադրվել է Դատավորների միության նախագահի պաշտոնում։
Ազարյանը դժվարանում է ասել` սպասվող բոյկոտն ի՞ր, թե՞ Դանիելյանի դեմ է։
«Ես գիտեմ այն, որ թեկնածուների ցուցակում ես եմ և Դանիելյանը, իսկ թե էլ ովքեր կան, չեմ կարող ասել։ Ես եկել եմ ընտրվելու նպատակով և ակնկալիքս ընտրվելն է։ Իմ շանսերը բարձր եմ գնահատում»,–ասաց նա։
Լրագրողների հարցին, թե ներկա պահին ինչպես է վերաբերվում Դատավորների միության գործունեությանը, դատավորը միանշանակ պատասխանեց` բացասական։
«Նախ գործունեություն պետք է լինի, որ գնահատականի արժանանա։ Ընդհանրապես գործունեություն չկա»,–ասաց դատավորը։
Ազարյանը վստահ է, որ եթե միությունը սկսի պատշաճ գործառույթներ իրականացնել, ապա միությունը լքած դատավորները կվերադառնան ու կվերականգնվի միության համբավը։
Նշենք, որ այս պահին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։
Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամների՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ)։
Թափուր տեղերում առաջադրվելու են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունները։
Դատավորների ընդհանուր ժողովից հետո նախատեսված է միության ժողով, որի օրակարգում երկու հարց է՝ միության նախագահի և երկու տեղակալների ընտրությունը։
Միության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։
Միության նախագահի պաշտոնում ինքնառաջադրվել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։