Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը դատարանում են. դիզվառելիքի գործով դատը շարունակվում է

Սերժ Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը
Դատական նիստի մեկնարկից շուրջ 20 րոպե անց դատարանն ընդմիջում հայտարարեց։ Սերժ Սարգսյանը մոտեցավ Բարսեղ Բեգլարյանին, մի քանի վայրկյան զրուցեցին, ողջագուրվեցին, ապա տարբեր դռներով դուրս եկան դատարանի դահլիճից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է հայտնի դիզվառելիքի գործով այս տարվա առաջին դատական նիստը։ Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն ամբաստանյալներից ներկա են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը։
«Ամեն ինչի պատրաստ եմ»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանի դատական հայցի մասին
Ամբաստանյալներ` նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխնախարար Սամվել Գալստյանը քննության ընթացքում մահացել են կորոնավիրուսից։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցվել է։
Նշենք, որ այս գործով դատական վերջին նիստը կայացել էր 2021թ–ի օգոստոսին։ Դրանից հետո նշանակված նիստերը տարբեր պատճառներով (հիմնականում դատավարության մասնակիցների բացակայության հիմքով) հետաձգվել էին։
Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գույքերի վրա կալանք է դրվել
Այսօրվա դատական նիստում դատավոր Միսակյանը մանրամասն ներկայացրեց դատարան ուղարկված նյութերը։
Դրանց համաձայն` Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

«Բարսեղ Բեգլարյանը ստացել է քրգործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման արձանագրությունը, սակայն հրաժարվել է որևէ գրառում կատարել կամ ստորագրել այն։ Քրեական գործի կապակցությամբ Բարսեղ Բեգլարյանը հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել, ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ»,– ասաց Միսակյանը։

Նա նաև հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, ՀՀ–ից նրանց ելքի իրավունքը արգելափակված է։
Նախաքննության ընթացքում նրանց գույքի վրա քննիչի որոշմամբ դրված կալանքը հետագայում դատարանի որոշմամբ վերացվել է։
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի ու Բարսեղ Բեգլարյանի պաշտպանների միջնորդությունը
Դատական նիստի մեկնարկից շուրջ 20 րոպե անց դատարանը ընդմիջում հայտարարեց։ Սերժ Սարգսյանը մոտեցավ Բարսեղ Բեգլարյանին, մի քանի վայրկյան զրուցեցին, ողջագուրվեցին, ապա տարբեր դռներով դուրս եկան դատարանի դահլիճից Սերժ Սարգսյանը` հետնամուտքով, Բեգլարյանը` կից սրահով, որտեղ ներկա էին ՀՀԿ անդամներ։ Բարևելով ներկաներին` Բարսեղ Բեգլարյանը դահլիճից հեռացավ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Դատարանը կվերացնի՞ Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցը
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
Ըստ մամուլի տեղեկությունների` մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։