Հունվարի 15-ից ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Հավաքների նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Պաշտպանության նախարարության այս առաջարկն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։
Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։
Հավաքների նպատակն, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։
Արցախում գտնվող խաղաղապահները դիրքերի անվտանգության ապահովման վարժանք են անցկացրել
Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսներ (45 միավոր)` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։
Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: