Երևանի Արտաշիսյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` այսօր, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ ։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Այս պահին հրշեջներին դեռ չի հաջողվել մարել հրդեհը։
Ժամը 18։16-ին հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Sputnik Արմենիան կադրեր է ներկայացնում դեպքի վայրից։