ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ բնապահպանության նախկին նախարարի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից կոռուպցիոն բնույթի չարաշահումներում ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը:
Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, գործարար Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել, որպեսզի նրա օգտին հանքերի շահագործման թույլտվություն հարցը լուծի:
Արդյունքում 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հարությունյանը կատարել է խոստումը և Սուրեն Ավագյանի միջոցով Համբարձումյանից ստացել է 6 մլն ԱՄՆ դոլար կաշառք:
Կաշառքի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումների եղանակով: Այնուհետև այդ գումարը փոխանցվել է Հարությունյանի մտերիմների` Գագիկ Կարապետյանի, Արմեն Խաչատրյանի և Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:
Հարությունյանի պահանջով նրա մտերիմները մեկնել են ԱՄԷ, որտեղ իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Հարությունյանի ցուցումով, իսկ 3 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել են Հարությունյանի և նրա կնոջ` Հասմիկ Աբգարյանի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում բացված համատեղ հաշվեհամարին:
Դրանից հետո Հարությունյանը մեկնել է ԱՄԷ, որտեղ 2010 թվականի փետրվարի 20-ին տարբեր գումարներ կանխիկացնելու և այլ հաշիվների փոխանցումներ կատարելու միջոցով կաշառք ստացած գումարի մի մասն օգտագործել է անձնական նպատակներով:
Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Արամ Հարությունյանը, Սուրեն Ավագյանը և Գագիկ Կարապետյանը խուսափել են քրեական վարույթին մասնակցելուց, որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:
Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Կազմակերպված խմբի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը):
Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Վերը նշված երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Մյուս մասնակիցների վերաբերյալ հարուցված քրեական գործերը դատավարական փուլում են։