Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անվտանգության ապահովման պլանային վարժանք են անցկացրել` կապի ժամանակակից միջոցների 7 զրահամեքենաների կիրառմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում սադրիչ գործողություններ թույլ չտալու, պայմանական հարձակումը հետ մղելու և տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման խնդիրները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Օրվա գիշերային ժամերին խաղաղապահները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» հանդերձանքով։ Դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: