Ալթայում ձիերի զանգվածային սպանություն է տեղի ունեցել

Նախնական տվյալներով՝ հասցված վնասը գնահատվում է մոտ 5 մլն ռուբլի։
Sputnik
Ալթայի երկրամասում անհայտ անձինք ավելի քան հիսուն ձի են սպանել։ Տարածաշրջանի ներքին գործերի ղեկավարը քրեական գործի հետաքննությունը վերահսկողության տակ է առել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
«Հունվարի 9-ին ոստիկանության բաժին է դիմել Պետրոպավլովսկի շրջանի Ալեքսեևկա գյուղի բնակիչը հայտնելով, որ իրեն պատկանող 53 ձիերը մահացած են հայտնաբերվել։ Ներկայումս ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ուղղված են տեղի ունեցածի բոլոր հանգամանքների բացահայտմանը: Նշանակվել են բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն ու հետազոտությունները», - նշված է հաղորդագրությունում։
Գեղարքունիքում Opel–ը բախվել է ձիուն. կենդանին սատկել է, ուղևորը` հայտնվել հիվանդանոցում
Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը»:
«Ալթայի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Անդրեյ Պոդոլյանը հսկողության տակ է առել Քրեական գործի քննությունը։ Նա հրահանգել է ստեղծել մասնագիտացված քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են քննչական վարչության, քրեական հետախուզության, գլխավոր դատախազության փորձագիտական-քրեագիտական կենտրոնի աշխատակիցները, որոնք օգնություն կցուցաբերեն Ռուսաստանի ՆԳՆ «Պետրոպավլովսկի» միջհամայնքային բաժնին», - նշում է մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ հասցված վնասը գնահատվում է մոտ 5 մլն ռուբլի։