ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին ադրբեջանական զինծառայողների կատարած գործողությունների մանրամասները` նշելով, որ նրանք հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան։
«Հունվարի 2-ին` ժամը 14:00-15:00-ի սահմանում, ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իրեն պատկանող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, երբ Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի նրա մեքենան, այնուհետև մեծ քարով հարվածել են մեքենային»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը:
Քարի հարվածից վնասվել են մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը, կորել է մեքենայի հաշվառման համարանիշը:
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով ՀՀ քաղաքացին կրել է ավելի քան 200 հազար դրամի վնաս։
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, որը վարել է մեքենան:
«Ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով`միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինեն:
Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակել նաև Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ։
Թաթոյանի խոսքով` այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին։