Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին դիմորդներից որևէ մեկին երբեք չի պատմել բուհ ընդունվելու մասին, բայց Ալիսա Տեպլյակոյին անձամբ է ասել այդ մասին: Ինչո՞ւ է բացառություն արել։ Պատճառն այն է, որ Ալիսան ընդամենը 9 տարեկան է, նա հաջողությամբ է հանձնել դպրոցի քննությունները, անցել համալսարանական փորձություններն ու ընդունվել աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկի հոգեբանական ֆակուլտետի առաջին կուրս։ Դուք կարո՞ղ եք նման բան պատկերացնել։ Ես կարող եմ։
Մոսկվացի աղջնակին դեռ կվերադառնամ, բայց խոսեմ երկու հայ տղաների մասին։ Մեկը՝ Հայկը, տասներկու տարեկան էր, մյուսը՝ Վահանը` տասներեք, երբ երկուսն էլ Երևանի Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ դարձան։ Իսկ երրորդ եղբայրը Դավիթն է։ Նա նույնպես տասներեք տարեկանում է ուսանողական տոմս ստացել, իսկ քսան տարեկանում արդեն ասպիրանտ էր։ Գործողության ժամանակը` անցյալ դարի ութսունականների սկիզբ, երբ երկիրը խոր լճացման մեջ էր…
Այսօր հայերի մեծ մասը ճանաչում է Դավիթ Հարությունյանին, բայց նրա մասին` քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ պատմեմ նրանց հոր՝ Էդոնիս Աշոտի Հարությունյանի մասին։ Նա Մռավյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ էր: Հարությունյանն այն ժամանակ «բուկլե» գործվածքից կոստյում էր հագնում, որը շատ էր տպավորել աշակերտներին:
Ճիշտ է, մեր տղամարդ ուսուցիչների մեծ մասը գույնը գցած մարզական հագուստն ու ռազմական գալիֆեներն արդեն փոխարինել էր քաղաքացիական հագուստով, բայց այդ տարիների խորհրդային կատարմամբ դա, Մայակովսկու խոսքերով ասած, այնքան ծանրակշիռ, կոպիտ, տեսանելի էր, որ նման էր Հռոմի ստրուկների մշակած ջրատարին։ Եվ ահա եկավ մի երիտասարդ` մաքուր սափրված, կոկիկ հագնված, ժպիտը դեմքին, ընդ որում` ոչ միայն օրը առաջին օրը, այլ, ինչպես պարզվեց, ամբողջ ուսումնական տարվա ընթացքում:
Կարճ ասած՝ մենք հարգեցինք ֆիզիկան և մեր ունակությունների չափով փորձեցինք դա ապացուցել Էդոնիս Հարությունյանին, թեև անձամբ ինձ չհաջողվեց դա անել այնպես, ինչպես կուզենայի։
Տարիներ անցան, պարոն Հարությունյանը դպրոցից հեռացավ բուհում ֆիզիկա դասավանդելու համար, ատենախոսություն պաշտպանեց, և դժվար թե մեր ճանապարհները հատվեին, եթե մի անսպասելի զանգ չլիներ։
- Պետք է հանդիպել, խոսելու բան կա, կարծում եմ՝ քեզ կհետաքրքրի, - ասաց դպրոցական ուսուցիչս: - Կարո՞ղ ես մեր տուն գալ:
Նշանակված ժամին թակեցի բնակարանի դուռը, պարոն Հարությունյանը դիմավորեց ինձ, ծանոթացրեց կնոջ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լաուրայի հետ։ Մտանք ոչ մեծ հյուրասենյակ, որտեղ միացված էր հեռուստացույցը։
- Նայում ենք միայն այն, առանց ինչի անհնար է, - անմիջապես պարզաբանեց տանտերն ու անցավ գլխավորին:
Իսկ գլխավորն այն էր, որ Հարությունյանը որոշել էր ֆիզիկայի ու մանկավարժության օրենքներին հակառակ շրջանցել ժամանակը և «հնգամյակը` չորս տարում» ծրագիր իրականացնել, այսինքն՝ առնվազն երկու անգամ արագ անցնել որդիների դպրոցական ուսուցման տասնամյա դասընթացը։
- Ինչո՞ւ, - հարցրի ես։
- Որովհետև, - բացատրեց նա, - մենք նույնիսկ չենք պատկերացնում երեխաների հնարավորությունները և դրանք շատ քիչ ենք օգտագործում, մինչդեռ պետք է օգտագործել առավելագույնը։
- Ինչպե՞ս։
– Դրա համար, - շարունակեց ուսուցիչս, - պետք է հնարավորինս սեղմել ծրագիրը՝ մեթոդիկայի հիմքում դնելով տնային աշխատանքը, ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը և չխախտել հիմնական սկզբունքը՝ աշխատել ամեն օր, թեկուզ քիչ-քիչ, բայց ամեն օր, ներառյալ արձակուրդներն ու հանգստյան օրերը։
Ասեմ, որ Հարությունյանի որդիները ուժասպառ եղած երեխաների տեսք չունեին։
- Ձեզ համար որտե՞ղ է ավելի հետաքրքիր` դպրոցո՞ւմ, թե՞ ինստիտուտում, - հարցրի տղաներին։
Վահանին ավելի հոգեհարազատ էր ինստիտուտը, Հայկին՝ դպրոցը, իսկ Դավիթը՝ ավագ եղբայրը, սիրում էր լեռներ բարձրանալ։
... Արդյունքում ամեն մեկն իրենը «վերցրեց», իսկ Դավիթը դարձավ Հայաստանի արդարադատության նախարար, ղեկավարեց կառավարության աշխատակազմը (նա նաև տեխնիկական գիտությունների թեկնածու էր)։ Կարճ ասած, Էդոնիս Հարությունյանի փորձը հաջողվեց, բայց ես այդպես էլ չհասկացա` ինչու է պետք արագացնել երեխաների ֆիզիկական ու հոգեկան գործընթացները։
Մոսկվայի պետական համալսարանի 9-ամյա ուսանողուհու` արագացված ռեժիմով ՄՊՀ ընդունվելու պատմությունը քիչ բան հստակեցրեց։ Լրագրողների հետ զրույցում Ալիսայի հայրն ասում է, որ դստեր համար 10 տարի է խնայել։ Բայց ոչ բոլորն են դա լավագույն լուծում համարում։ Ոմանք կասկածում են, որ ծնողները հաճախ նման քայլի են դիմում իրենց հավակնությունների համար, մյուսները համոզված են, որ առանց հասակակիցների հետ շփվելու աղջիկը չի կարողանա հարաբերվել շրջապատի հետ։
Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի դպրոցներից մեկի տնօրեն Եվգենի Յամբուրգի կարծիքը. «Ամեն դեպքում այդ հրաշամանուկները 25-30 տարում այնքան էլ տաղանդավոր ու հաջողակ չեն լինում։ Նրանք հրթիռի պես արագ բարձրանում են և նույնքան արագ նստում, այնպես որ ես դրանով առանձնապես չեմ հիանում»։
Ճիշտն ասած, ես էլ չեմ հիանում` չնայած իմ ֆիզիկայի ուսուցիչն այլ կերպ էր մտածում և, ինչպես տեսնում ենք, չէր սխալվում։