ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայտնի բլոգեր և քիմիկոս Յուլյա Սոտնիկովան «Մոսլենտա» կայքի հետ զրույցում ասել է` ինչպես ձմռան շրջանում պայքարել մաշկի չորության դեմ։ Նախևառաջ, ըստ փորձագետի, ամեն ինչ կախված է մաշկի տեսակից և վիճակից, ինչպես նաև ճարպազատումից։
Ըստ նրա` ցուրտ եղանակին նախապատվությունը պետք է տալ ավելի մեղմ մաքրող միջոցներին։ Չոր մաշկ ունեցողները պետք է ընտրեն լվացվելու այնպիսի միջոց, որը չի փրփրում` մաքրող կաթ կամ միցելյար ջուր։
Ճարպոտ մաշկ ունեցողները կարող են չվախենալ փրփրող գելերից և այլ միջոցներից, բայց այդ դեպքում էլ պետք է հաշվի առնել անհատական չափանիշները։
Սոտնիկովան նշել է, որ նույնիսկ ձմռանը պետք չէ անտեսել արևապաշտպան քսուքները, միաժամանակ նա խորհուրդ է տվել անցում կատարել էմոլենտի բարձր պարունակությամբ լիպիդավերականգնող քսուքների։ Ըստ Սոտնիկովայի` շատերը նույն սխալն են թույլ տալիս ձմռանը, երբ փորձում են մաշկի թեպոտումը վերացնել սկրաբով կամ պիլինգով։
«Դա սխալ մոտեցում է։ Թեպոտումը նախևառաջ եղջերաշերտի ամբողջականության հետ կապված խնդիր է, ինչը նշանակում է, որ լիպիդների պակաս կա, և մենք պետք է այն լրացնենք։ Ճարպոտ մաշկի համար պետք է օգտագործել սքվալանի հիմքով բավական խիտ բաղադրություն ունեցող քսուքներ», – բացատրում է քիմիկոսը։
Վերջում Սոտնիկովան մաշկի վերականգնման համար մի քանի գործոն է առանձնացրել` նուրբ մաքրում, անհրաժեշտության դեպքում արևապաշտպանություն և լավ բաղադրիչով խիտ քսուք։