Մշակութային կենտրոնները` վարակի բո՞ւյն. նոր որոշման հետևանքով հանդիսատես են կորցնելու

Մշակութային կենտրոնների տնօրեններն ահազանգում են` առողջապահության նախարարի նոր որոշման հետևանքով ավելի քիչ մարդիկ կհաճախեն ներկայացումների, համերգների։ Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես են ստուգելու պատվաստման կամ թեստավորման վկայականի իսկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Առաջիկայում ուժի մեջ մտնող սահմանափակումների հետևանքները կարող են ցավալի լինել թատրոնների համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
Հունվարի 22-ից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի` չպատվաստված կամ էլ 72 ժամ վաղեմության ՊՇՌ հետազոտման տեղեկանք չունեցողները չեն կարող այցելել հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ և մարզասրահներ, գրադարաններ և թանգարաններ։ Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնողների հանդիսատեսները նույնպես պարտավոր են ենթարկվել այս պահանջին։
Ո՞ր դեպքում ՊՇՌ թեստ հանձնելու հարց չի առաջանա. Արսեն Թորոսյանը` նախարարի հրամանի մասին
«Սա առաջին հերթին մշակութային կենտրոններ այցելությունների թվին վնաս կհասցնի։ Բացի այդ, յուրաքանչյուրին ստուգելը մարդկանց կուտակումներ կառաջացնի։ Զարգացած երկրների փորձը փաստում է` նման սահմանափակումներ կիրառվել են, երբ պատվաստվածների թիվը 60-70 տոկոս է եղել։ Սակայն այդ սահմանափակումների ցանկում են ներառել նաև խանութները, հանրային տրանսպորտը, բուհերը»,–ասում է Բաբայանը։
Նրա խոսքով` օրինակ Պորտուգալիայում յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է ամսական 6 անգամ անվճար թեստավորվելու հնարավորություն, իսկ թեստավորման արժեքը 1 եվրո է։ Բաբայանը նշում է` նման որոշումները պետք է կայացվեն ոչ թե միայն առողջապահության նախարարության թելադրանքով, այլ բոլոր շահագրգիռ կողմերի փաստարկներն ու մտավախությունները հաշվի առնելով։
Թատրոնի տնօրենին հետաքրքրում է` ի՞նչ են անելու այն անձանց տոմսերը, որոնք ներկայացման կգնան և թեստավորված կամ պատվաստված չեն լինի (առավել ևս, որ մարդիկ մեծամասամբ օնլայն հարթակներից են տոմսեր գնում)։ Ի դեպ, Թատրոնների և համերգասրահների տնօրենների խորհուրդը, որի տնօրենը հենց Բաբայանն է, դեռ նախորդ տարվա նոյեմբերին է իր մտահոգությունը հայտնել այս որոշման առնչությամբ, և առողջապահության նախարարությունից վստահեցրել են` նրանց հնչեցված առաջարկությունները նույնպես կքննարկեն։
ՊՇՌ թեստի առեղծվածը, կամ գուցե ՍԴ-ի երկիմաստ որոշումները բացատրող հատուկ մարմի՞ն ստեղծենք
«Կարծում եմ` այդքան էլ մանրակրկիտ ուսումնասիրված չեն սահմանափակումների հետևանքները։ Արդյո՞ք թատրոնները և համերգասրահներն են համավարակի բույնը և այստեղից է տարածվում վարակը։ Հարցն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի թատրոն կամ համերգասրահ այցելում է տարեկան 3-4 անգամ, բայց խանութ կամ տրանսպորտ մարդիկ ամեն օր են գնում»,–ասաց Բաբայանը` հավելելով, որ թատրոնների տնօրեններով վաղը ԿԳՄՍՆ–ում պետք է քննարկման մասնակցեն և այս հարցին նույնպես կանդրադառնան։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն էլ նշում է` չնայած պատկերացնում է, թե ինչ մեխանիզմներով պետք է ամեն ինչ իրականացվի, սակայն այցելությունների քանակի վրա այս ամենը միանշանակորեն բացասական ազդեցություն է թողնելու։ Նրա խոսքով` մեկ ամիս առաջ գրություն են ուղարկել նախարարություն և խնդրել, որ օրենքն ընդունելուց հետո 1 ամիս ադապտացիոն շրջան տան իրենց։
Հայաստանում 1216 մարդ արդեն պատվաստվել է 3-րդ անգամ. ԱՆ–ն տվյալներ է հրապարակել
«Պատրաստվում եմ 2 համակարգիչ դնել, որի մոնիթորները մուտքի մոտ կլինեն, և տոմսավաճառը սքաներով սքան կանի կոդը։ Եթե ասեմ շատ մեծ ցանկություն կա դա անելու, սուտ կլինի։ Նախ պետք է կարողանանք հանդիսատեսի հոսքը կառավարել և հասկանանք, թե ի՞նչ ռիսկերի հետ է կապված այս ամենը։ Շատերը պատվաստված չեն, և դա կարող է պատճառ դառնալ, որ չգնան համերգի»,–ասում է Նաղդյանը։
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ կարծում է, որ վաղ է որևէ բան ասել` երբ ուժի մեջ կմտնի նախարարի որոշումը, դրանից 1 շաբաթ անց պատկերը պարզ կլինի։
«Մեր այցելուների թիրախային խումբն այս պահին դպրոցականներն են, իսկ նրանց դեպքում պարտադիր չէ պատվաստվել։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա մինչ օրս մեզ այցելած ուսուցիչները մեկ կամ երկու դեղաչափով պատվաստված են եղել»,-ասաց Եղիազարյանը` հավելելով, որ հաշվի առնելով թանգարան այցելուների տարիքային շեմը, իրենք մեծ կորուստներ չեն ունենա։
Եթե պատվաստումների տեմպը պահպանվի, կորոնավիրուսի բուժումը վճարովի չի դառնա. փոխնախարար
Մյուս կողմից, վերջին տարիներին ավելացել է թանգարան անհատների և ընտանեկան այցերի շրջանակը, և գուցե այս դեպքում խնդիրներ առաջանան։
Երևանի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն էլ իր հերթին նշեց, որ որևէ մեկին պարզ չէ, թե ինչպես են ստուգելու ներկայացված փաստաթղթերի իսկությունը։ Բացի այդ, նա նույնպես կարծում է, որ սահմանափակման հետևանքով կնվազի հանդիսատեսների թիվը։
«Ամեն դեպքում պետք է գործիք տրամադրեն բոլորի կոդերի իսկությունը ստուգելու համար, իսկ դա կարող է 1 ժամ տևել։ Իսկ մեր հանդիսատեսը ժամը 7-ի ներկայացմանը ժամը 7։15 է գալիս, այսինքն` վիճաբանություններ կսկսվեն մեր հասարակության որոշ մասին բնորոշ բնավորության համաձայն»,–ասաց նա։
Covid-ի հասցրած վնասն ավելի մեծ է, քան տնտեսական սահմանափակումներինը
Հիշեցնենք, որ թեստավորման կամ պատվաստման վկայական ներկայացնելու պահանջը չի վերաբերի մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող, հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև հակացուցում ունեցողներին՝ կրկին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։
Բացառությունների թվում կլինեն նաև վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածները, որոնք պետք է COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող «ԱրՄեդ» համակարգում առկա սերտիֆիկատը ներկայացնեն։