ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահներին Ղազախստան մտցնելու մասին որոշումն ընդունվել է ՝ հաշվի առնելով այդ երկրում իրավիճակի արագ զարգացումը։ Այս մասին այսօր` հունվարի 10-ին, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանի նախագահը պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության խորհրդին։ Դրա հիման վրա և ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հայաստանի վարչապետը, որը նախագահում է խորհրդում, գործարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ խորհրդակցության մեխանիզմը։
«Հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացման միտումը և հաշվի առնելով Ղազախստանի անվտանգության, կայունության և ինքնիշխանության սպառնալիքները, կոնսենսուսի հիման վրա որոշում է կայացվել ժամանակավորապես խաղաղապահներ ուղարկել այդ երկիր` ռազմավարական օբյեկտների պահպանության համար»,- պարզաբանեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։