ՌԱԴԻՈ

Համայնքի ղեկավարի պաշտոնը կարելի է կիսել մի քանի քաղաքական ուժերի միջև. Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Փարաքարում համայնքի ղեկավարի 5-ամյա կառավարումը 2 քաղաքական ուժերի միջև բաժանելու որոշմանը։
Sputnik
Փարաքարում ու Մեղրիում համայնքի ղեկավարի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը քաղաքական ուժերի մեջ կիսելու որոշումը օրենսդրական բաց չէ, քաղաքական պայմանավորվածության մասին է խոսքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։
Կտրուկ շրջադարձ Փարաքարում. «Ապրելու երկիր»-ի ավագանու անդամները հրաժարվեցին մանդատներից
«Այս դեպքերում քաղաքական ուժերը գործում են համայնքի կառավարման պատասխանատվությունը կիսելու տրամաբանությունը մեջ։ Չպետք է մոռանալ, որ արդեն գործ ունենք ավելի շատ ներկայացուցչական մարմնի հետ, այսինքն` առաջնային մարմինը հենց ավագանին է, և համայնքի ղեկավարը մնում է ավագանու անդամ»,- ասաց նա։
Երիցյանն ասում է` հայ հասարակությունը դեռևս չի հարմարվել համամասնական ընտրակարգի ներդրման հետ, այն ամեն դեպքում քաղաքական նոր մշակույթ է, որին կտրուկ անցում կատարելուն ոչ միայն ընտրողները, այլև քաղաքական ուժերը պատրաստ չէին։
«Անցում ենք կատարել ներկայացուցչական համամասնական համակարգի, բայց բոլորը մտածում են ուղիղ ընտրությունների տրամաբանության մեջ, որի առանցքում համայնքի ղեկավարն է և վերջ, այսինքն` կոլեկտիվ խմբակցությունների, քաղաքական ուժերի պատասխանատվության մասը հասարակության կողմից չի ընկալվում և նույնիսկ ընտրությունների մասնակիցները, քաղաքական ուժերը չեն հասցրել ադապտացվել դրան»,- նշեց Երիցյանը։
Նոր ընտրություն անցկացնելու անհրաժեշտություն չկա. Շահնազարյանը` Մելքոնյանի առաջարկի մասին
Հայաստանի համայնքների միության նախագահի կարծիքով` մեր երկրի դեպքում համայնքի ղեկավարի ընտրության ցանկալի տարբերակ է դեռևս 1996-ից կիրառվող ուղիղ ընտրությունների մոդելը, իսկ առավել նախընտրելին` հարևան Վրաստանում կիրառվող տարբերակը, որտեղ ավագանին ընտրվում է համամասնական, իսկ քաղաքապետը` մեծամասնական ընտրությունների միջոցով։
Նշենք, որ նախօրեին Փարաքարի նորընտիր համայնքապետ Դավիթ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկա 2.5 տարին համայնքը կկառավարի ինքը, իսկ հաջորդ 2.5 տարին` ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթել է «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին, որն էլ ի վերջո ընտրվեց համայնքապետ։
Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն. օրը որոշված է
Ավելի վաղ նման պայմանավորվածությամբ կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցության ու Արամ Զավենի Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության միջև։
Հուշագրով նախատեսվում է համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, կպաշտոնավարի «Հանրապետություն» կուսակցությունը, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը:
Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը: