Դավիթ Տոնոյանի ու ևս 6 անձի գործն ուղարկվել է դատարան

Դավիթ Տոնոյան
«Անորակ հրթիռների» գործը կքննի դատարանը։ Մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ԶՈւ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նախնական համաձայնության են եկել «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ և պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով 2018թ. ընկերությունից ձեռք են բերել 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Պարզվել է նաև, որ պաշտոնատար անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Վարչապետը տեղեկատվության պակաս չի ունեցել. Դավիթ Տոնոյանն անակնկալներ է խոստանում
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: