Դատարանը բավարարել է Ջոկովիչի բողոքը, սակայն մարզիկին կարող են արտաքսել

Նովակ Ջոկովիչ
Այն բանից հետո, երբ դատարանը որոշել է ազատ արձակել թենիսիստին, ներգաղթի նախարարությունը պահանջել է նրան ձերբակալել և երկրից արտաքսել պատվաստված չլինելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մելբուռնի դատարանը բավարարել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի բողոքը Ավստրալիա մուտքի վիզայի չեղարկման գործով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը պետք է Ջոկովիչին բաց թողնի ներգաղթյալների և փախստականների մեկուսարանից։
Նշենք, որ Ջոկովիչը ժամանել է երկիր ՝ մասնակցելու Australian Open-ին, որը մեկնարկում է հունվարի 17-ին: Սերբ թենիսիստը կորոնավիրուսի դեմ պատվաստված չի եղել, սակայն դեռևս հունվարի 4-ին Twitter-ի իր էջում հայտարարել էր, որ ունի բժշկական թույլտվություն։
Այնուամենայնիվ, Ավստրալիայի իշխանությունները մարզիկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր և նրան թողել են ներգաղթյալների համար նախատեսված մեկուսարանում: Մասնավորապես, դատարանը հաշվի է առել, որ հունվարի 6-ին, ժամը 5:20-ին, Ջոկովիչը ժամանել է Մելբուռն, նրան երեք ժամ են տվել պարզաբանման համար (մինչև 8:30), սակայն պատասխան են խնդրել արդեն 6:14-ին, իսկ վիզան չեղյալ են հայտարարել 7:42-ին:
Բացի այդ, Ջոկովիչին ազատ արձակելու մասին որոշումից հետո լրագրողներից մեկը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունը որոշում է կայացրել կալանավորել մարզիկին (տվյալ դեպքում դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու լիազորություն ունի ներգաղթի նախարար Ալեքս Հոուկը):
Ավստրալական The Age պարբերականը հայտնում է, որ նախարարը ևս մի քանի ժամ ունի, որպեսզի աշխարհի առաջին ռակետին արտաքսելու մասին որոշում կայացնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովակ Ջոկովիչի կորոնավիրուսի թեստի պատասխանը 2021թ․ դեկտեմբերի16-ին դրական է եղել։ Այդ մասին տեղեկանքը սերբ թենիսիստը ներկայացրել էր Մելբուռնի դատարանին։
Նովակ Ջոկովիչ․ Ցավալի է դուրս մնալ պայքարից մրցումների մեկնարկում
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն ավելի վաղ թույլ էր տվել մրցաշարին մասնակցել չպատվաստված, սակայն նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված և առողջացած մարզիկներին։
Տարվա լավագույն թենիսիստները. Ջոկովիչ և Ուիլյամս
Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի և ներկայիս չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էր։