ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից

Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Sputnik
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի կազմում ընդգրկված ՌԴ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները Ղազախստան են մեկնել Ուլյանովսկից:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, շարունակվում է ուժերի տեղափոխումը Մոսկվայի և Իվանովոյի մարզերում գտնվող օդանավակայաններից: Խաղաղապահների գործողությունները ղեկավարելու է ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինվորականները Ղազախստան են մեկնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների կողմից ձեւավորված խաղաղապահ զորախմբի կազմում:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 70 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։