2022թ-ի շեմին Հայաստանն ունենալու է շատ լուրջ մարտահրավերներ թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական առումով։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կանխատեսում արեց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` վերլուծելով 2021թ–ի տնտեսական ցուցանիշներն ու դրանց հիմքի վրա սկսվող նոր տնտեսական տարին։
Արամյանը չի հերքում, որ ճգնաժամային 2020թ–ին հաջորդած 2021–ը դժվար տարի էր աշխարհի բոլոր, անգամ` զարգացած երկրների համար, բայց և փաստում է, որ Հայաստանի տնտեսական անկումը ամենախորն էր թե՛ ԵԱՏՄ, թե՛ տարածաշրջանի երկրների մեջ։
«2022թ–ին մեզ մոտ մակրոտնտեսական առումով վերականգնումը, ցավոք, ոչ ամբողջական է լինելու։ 2020թ–ի 7.4 տոկոս տնտեսական անկումից հետո մենք արձանագրում ենք շատ ավելի ցածր տնտեսական աճ։ Դա ֆանտազիայի ժանրից է, թե մենք կարողանալու ենք գոնե մոտենալ 7 տոկոսի»,– ասաց Արամյանը` միաժամանակ ցավ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն ականջալուր չեղավ մասնագետների նախազգուշացումներին։ Փոխարենը գործադիրը, Արամյանի գնահատմամբ, հանրության բարեհաճությունը շահելու համար գնաց որոշակի պոպուլիստական քայլերի` էլ ավելի բարդացնելով երկրի տնտեսական վիճակը։ Խոսքը 2022թ–ի հունվարի 1-ից ավելացող թոշակների ու նպաստների մասին է։
«Ես այստեղ լուրջ ռիսկ եմ տեսնում։ Երբ որ դու մեկ անգամ ստանձնում ես նման պարտավորություն, հետո կրճատելը գրեթե անհնար է լինում։ Դու չես կարող գնալ տատիկ–պապիկներին ասել` գիտեք, ես սխալվեցի, ես չէի կանխատեսել, որ իմ տնտեսական վիճակը թույլ չի տալիս ձեր թոշակները բարձրացնել,– ասաց Արամյանը, – Ես շատ լավ հասկանում եմ, որ դա արվում է գնաճային ֆոնի վրա։ Միայն պարենային գնաճն այսօր մեր երկրւմ հասել է 20 տոկոսի, և դա անխուսափելիորեն բերելու է սոցիալական էֆեկտների։ Բայց կա քայլերի ճիշտ հաջորդականություն։ Կատեգորիկ սխալ է առանց տնտեսական հենասյուները կարգաբերելու գնալ սոցիալական հարցերի լուծման, որովհետև այս տարի լուծելու ես, հաջորդ տարի շատ ավելի մեծ խնդիր ես առաջացնելու»։
ՀՀ տնտեսության ներկա դրությունը Վարդան Արամյանը հաեմատում է հիվանդի հետ, որն անհետաձգելի օգնության կարիք ունի։ Առողջացման հույս, նրա խոսքով, առայժմ կա։ Բայց դրա համար կառավարությունը պետք է հրաժարվի պոպուլիստական քայլերից ու ծախսերից, կարողանա ձգել գոտիներն ու առաջին հերթին սկսի ինքն իրենից։
«Որքան էլ կառավարությունն արդարանա ու ասի` մենք ունենք 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես երկու բան կասեմ. «Խնդրում եմ հիշեք, որ անկում եք ունեցել շատ ավելի խորը և երկրորդ` նայեք կառուցվածքը` ինչի հաշվին է աճում ձեր տնտեսությունը։ Մենք աճում ենք հիմնականում արտածին երևույթների հաշվին. դա տրանսֆերտների ներհոսքն է և պղնձի համաշխարհային գների բարձր աճը։ Այս երկու գործոններն են, որ հանգեցրել են մեզ մոտ քիչ թե շատ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի»,– ասաց Արամյանը` ընդգծելով, որ տնտեսության ճյուղերից 2021թ–ին աճ են գրանցել նաև առևտուրը, ծառայություններն ու շինարարությունը։
Կառավարության ներկայացրած ներդրումների ծավալը ևս Վարդան Արամյանը «ֆանտաստիկայի ժանրին» է վերագրում` հիշեցնելով, որ 2021թ–ի օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 42 մլրդ դրամ։ Ընդ որում դրանց գերակշիռ մասն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտին։
«Ոչ ռեզիդենտ ներդրողները, որոնք հանքարդյունաբերության ոլորտում բազմաթիվ են, տարվա ընթացքում ստանում են շահույթ դիվիդենտի տեսքով և դա թողնում են երկրում, վիճակագրությունը դա գրանցում է որպես ուղղակի ներդրումների ներհոսք և միևնույն ժամանակ` եկամուտների արտահոսք։ Արդյունքը տնտեսության վրա զրոյական է։ Մեզ մոտ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ուղղակի չկան»,– ասաց Արամյանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսության ներդրումներին, 2021թ–ի 9-ամսյա տվյալներով մասնավոր ներդրումների աճը ևս գրեթե զրոյական է, ավելի կոնկրետ` 0.3 տոկոս։ Պատճառը մասնագետը դարձյալ տեսնում է կառավարության ձախողած գործողություներում։
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ, 2022թ–ի հունվարի 1-ից 2000- 3000 դրամով կավելանան նվազագույն թոշակների ու նպաստների չափերը։
2021թ–ի հունվար– նոյեմբերին սպառողական գները պաշտոնական տվյալներով աճել են 7.1 տոկոսով, միայն սննդամթերքի գները` 16.9 տոկոսով։