«ՀՀ-ն ավելի գրավիչ երկիր կդառնա, եթե․․․». Փաշինյանը Գյումրիում է

Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի կայացման և զարգացման գործընթացը, նշվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը (4 հունվարի, 2022թ). Գյումրի
Փաշինյանը շնորհավորել է մաքսային ծառայության աշխատողներին ծառայության 30-ամյակի կապակցությամբ:
Նրա խոսքով՝ Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է և պետք է շարունակել վերջին տարիներին սկսած փոփոխության գործընթացը:

«Մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, որը պետական գործառույթ է իրականացնում»,-ասել է Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով` Մաքսային ծառայության բարելավումը Հայաստանն ավելի գրավիչ երկիր կդարձնի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը (4 հունվարի, 2022թ). Գյումրի
«Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես, Մաքսային ծառայության կողմից»,-ասել է վարչապետը:
Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը (4 հունվարի, 2022թ). Գյումրի
Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով:
Հայաստանը Սյունիքում հավելյալ մաքսակետ տեղադրելու կարիք չունի. Բադասյան
Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողություն: