Դատական գործերը «ձեռքով» մակագրվելու վերաբերյալ ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Թաթոյանի մեկնաբանմամբ` օրենսդրական հստակ կարգավորումների բացակայության պայմաններում ստեղծված իրավիճակը պարունակում է մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր պաշտոնական էջում արտահերթ զեկույց է հրապարակել դատական գործերի «ձեռքով» մակագրելու վերաբերյալ:
Ըտ ՄԻՊ տվյալների` Վարչական դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցողությամբ: Արդյունքում դրանցում հաճախ նույն դատավորներն են ընդգրկվում։
Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մակագրություններն անում է դատարանի աշխատակազմի ղեկավարը, քանի որ դատարանի նախագահը միայնակ ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն:

«Չի պահպանվում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը»,– գրում է ՄԻՊ–ը:

Պաշտպանի զեկույցի համաձայն`որոշ դատավորների չեն մակագրվում բարդ, զգայուն, հանրային հետաքրքրություն ներկայացնող գործեր, ինչը ըստ Թաթոյանի վտանգավոր է ոչ միայն դատավորների միջև տարբերակումների կամ նրանց «դատական մեկուսացման», այլև կարող է հանգեցնել դատարանների նախագահներից դատավորների անթույլատրելի կախվածության:
Անօթևանների կացարանի փոփոխությունը նախարարությունն իրականացնում է թերացումներով. ՄԻՊ
ՄԻՊ–ը նշում է, որ այդ խնդրով դիմել է ՍԴ, իսկ մինչ այդ հարցումներ է արել բոլոր դատարանների նախագահներին, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել, որ կան չափանիշներ կամ չի ներկայացրել ապացույցներ, որ պահպանվում է այբբենական կարգը:
«Ո՞վ կարող է այսքանից հետո երաշխավորել, որ համակարգչային ծրագրի փոխարեն դատավորների միջև գործերի բաշխում «ձեռքով» իրականացնելու ընթացքում դատարանների նախագահների կողմից կամ նրանց նկատմամբ արտաքին միջամտություններ չեն լինում»,– հարց է բարձրացնում պաշտպանը:
Նրա մենաբանմամբ` օրենսդրական հստակ կարգավորումների բացակայության պայմաններում ստեղծված իրավիճակը պարունակում է մարդու սահմանադրական իրավունքների համար խորքային վտանգներ։