ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Պիստակը մեծ կալորիականություն ունեցող և շատ ճարպ պարունակող մթերք է, սակայն այն պետք է ներառել սննդակարգում նյութափոխանակությունն արագացնելու և սրտանոթային համակարգի աշխատանքը բարելավելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է բժիշկ–սննդաբան Տատյանա Ռազումովսկայան։
«Պիստակի հիմնական տարրերից մեկը B7–ն է (բիոտին), որն օգնում է յուրացնել սպիտակուցն ու այրել ճարպերը, այսինքն առանցքային դեր է կատարում նյութափոխանակության համար։ Եթե բիոտինի պակաս է լինում օրգանիզմում, ապա տուժում են մազերը և մաշկը, ընկճախտ է առաջանում, արյան մեջ կարող է բարձրանալ «վատ» խոլեստերինը», – հայտնել է սննդաբանը։
Նա հավելել է, որ կալիումի և մագնեզիումի մեծ քանակությունը նպաստում է անոթների ամրացմանն ու կարգավորում է սրտխփոցը։
«Պիստակից առավելագույն օգուտ ստանալու համար օգտագործեք այն օրական մինչև 15 հատ։ Երեխաներին ցանկալի է տալ ոչ ավել, քան 7 հատիկ», – խորհուրդ է տվել Ռազումովսկայան։
Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացրել է, որ պիստակը, ինչպես և մյուս ընդեղեններից շատերը, կարող են ալերգիա առաջացնել։ Բացի այդ, պիստակը բարձր կալորիականություն ունի` 100 գրամում մոտ 550-560 կկալ։