ԵՐԵՎԱն, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Մտքեր են փոխանակվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11 - ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել որոշումների շուտափույթ և ամբողջական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի մեխանիզմների գործարկման վերաբերյալ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են անցնող տարում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի համատեքստում համատեղ աշխատանքի արդյունքները:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։