ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է` Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղում ադրբեջանական տեսախցիկները անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Նա գրառում է արել Facebook–ում` նշելով, որ հիմա ադրբեջանական տեսախցիկների ներքո են գյուղի 4 տներն ու ձկնաբուծարանը։
«Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում են իրենց տան կողմ` վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից շատ մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենը, ինչ կատարվում է տանը, ոչ միայն բակում»,– գրել է Թաթոյանը` հավելելով, որ գյուղացիների պատմածներում անձամբ է համոզվել է սյունիքյան վերջին այցի ընթացքում, երբ ՄԻՊ աշխատակազմով տվյալ տանն են եղել ու տեսել, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողներն իրենց տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղել իրենց ուղղությամբ:
Թաթոյանը նաև նշել է, որ այն տունը, որտեղ այժմ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներն ու այնտեղից տեսախցիկներով վերահսկում են գյուղի անցուդարձը, կադաստրային փաստաթղթով ՀՀ քաղաքացու է պատկանում։
«Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում` սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից»,– շեշտել է ՄԻՊ–ը:
Գյուղացիների դիտարկումներով` ադրբեջանական ԶՈւ անձնակազմն այդ տարածքում 150-200 է: Ընդ որում` բոլորը զինված են, մեծ մասը` դիմակավորված: Նրանք բացահայտ ու ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն բնակիչներին:
Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը։ Ըստ Թաթոյանի` ադրբեջանական զինծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ Ուստի նրանք չպետք է լինի հայկական գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս փաստը ևս վերլուծվել է, և այն կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով: