ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. 2011 թվականի «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս–վրացական համաձայնագրի իրագործման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա հաջորդ տարի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վրաստանի վարչապետի ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
Ռուսաստանի, Վրաստանի ու շվեյցարական SGS ընկերության (Société Générale de Surveillance SA) մասնակցությամբ առաջին եռակողմ հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին Ժնևում: Այնտեղ էլ հայտարարվեց հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Այս ձևաչափով հանդիպում դեռ չի եղել։ Ձևաչափը նախատեսում է Վրաստանի, Ռուսաստանի փորձագետների հանդիպում. նրանք պետք է քննարկեն և կարգավորեն վիճելի հարցերը, տարաձայնությունները, որոնք վերաբերում են շվեյցարական կողմի հետ համաձայնագրին:
«Համավարակը դադարեցրել է այդ գործընթացը, բայց աշխատանքը կշարունակվի։ Հուսով եմ, որ աշխատանքային խմբի հանդիպումը կկայանա հաջորդ տարի։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն համաձայնագրի իրագործման հարցը», - ասաց Աբաշիձեն։
Նրա խոսքով` ժամկետների մասին բարդ է խոսելը՝ հաշվի առնելով համավարակը։ Ընդ որում, Աբաշիձեն նշել է, որ 2022 թվականի առաջին եռամսյակում Պրահայում հանդիպում կունենա Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինի հետ:
Հարցին, թե արդյոք Պրահայում բանակցությունների արդյունքները կազդեն աշխատանքային խմբի հանդիպման ժամկետների վրա, Աբաշիձեն պատասխանել է, որ այդ երկու հանդիպումները միմյանց հետ կապ չունեն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս–վրացական համաձայնագրում նշված է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով միջանցքների գործարկման մասին: Համաձայնագիրը նախատեսում է մաքսակետերի տեղադրում Գորիի մոտ (Հարավային Օսիայով) և Զուգդիդիի մոտ (Աբխազիայի տարածքով)։ Ընդ որում, համաձայնագրում Աբխազիայի կամ Հարավային Օսիայի մասին ոչ մի հիշատակում չկա։
Վրաստանի կառավարությունը պատրաստ է համաձայնագրում ամրագրված կետերի համաձայն ապրանքների գործարկմանը։ Ընդ որում, Թբիլիսին դեմ է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ այդ հարցի քննարկմանը։ Ներկայում նախագծի շրջանակում մի շարք խնդրահարույց հարցերի լուծումից հետո, ամենայն հավանականությամբ, ճանապարհը Հարավային Օսիայով է անցնելու։ Այդ միջանցքների գործարկումը Հայաստանին թույլ կտա օգտագործել Ռոքի թունելը կամ աբխազական երկաթուղին որպես Վերին Լարսին այլընտրանքային երթուղի։