ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։
Տուժածները ժամը 11։00-ի սահմաններում տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչներ՝ 86-ամյա Չապաև Վ-ն և 55-ամյա Ստեփան Վ-ն։
Մինչ բժիշկները օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ոստիկանության ծառայողը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են իրենց գյուղի տան նկուղային հարկում գտնվող գազաբալոնի գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։