ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ Մարտակերտի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխաների ամանորյա նվերներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ ամանորյա ակցիա է իրականացրել Մարտակերտի շրջանում ՝ Վանք բնակավայրում։ Ավելի քան 800 երեխաներ ամանորյա նվերներ, խաղալիքներ և կոնֆետներ են ստացել»,–ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Դպրոցի երեխաները և մանկավարժները շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ցուցաբերած օգնության և խաղալիքների համար:
«Շնորհակալ եմ ձեզ` ռուս խաղաղապահներ, որ պաշտպանում եք մեր հողերը, որ օգնում եք պաշտպանել մեր հողերը։ Մեր երեխաները շատ ուրախ են, որ նվերներ են ստացել` մեծ թե փոքր, էական չէ, կարևորը, որ մեր երեխաներին ժպիտ նվիրեցիք»,–ասել է Մարտակերտի բնակիչ Միրա Լազարյանը։
Ավելի վաղ Մոսկվայից Երևան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա ու նվերներ կտան կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: