ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. «Սևան» ֆուտբոլային ակումբի նախագահը ակումբի ֆեյսբուքյան էջի միջոցով բանավեճի է հրավիրել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասուլիսի ժամանակ խոսեց առաջնությունից դուրս եկած թիմերի մասին։ 2021/22 մրցաշրջանը VBET Պրեմիեր լիգան ավարտին չհասցրած «Սևան» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ խոսելիս ՀՖՖ նախագահը նշեց, որ ակումբը դիմել է մանիպուլյացիաների ու ընդամենն ամպագոռգոռ հայտարարություններ կատարել։
«Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով»,– հայտարարել է ակումբի նախագահը։
Օրվա և ժամի ընտրությունը «Սևան» ՖԱ–ի նախագահը թողել է Մելիքբեկյանի հայեցողությանը։
Միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ամփոփեց 2021 ֆուտբոլային տարին` մատնանշելով հաջողությունները և առաջընթացը հայկական ֆուտբլում։ ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ ճանապարհին է և առանձին էլ նշեց, որ հավաքականը «փակ» ակումբից վերածվել է «բաց» թիմի։
Կընդունի բանավեճի հրավերը Մելիքբեկյանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Բայց այն, որ շատ «մութ» հարցերի պատասխանները կարող ենք լսել այդ բանավեճի ընթացքում, կասկածից վեր է։