ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը կապահովի Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։
«Այսօր մենք նոր աշխարհակարգի ձևավորման վկան ենք, և ներկա բազմաբևեռ աշխարհում, որտեղ յուրատեսակ ձգող կենտրոններ են հանդիսանում Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Չինաստանը, հենց ՌԴ–ն է հանդիսանում Հայաստանի անվտանգության երաշխավորը»,– ասաց նա։
Գեղամյանը պնդեց, որ Ռուսաստան–Բելառուս միութենական պետությանն անդամակցելը ոչ մի կերպ չի վնասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը` հիշեցնելով, որ միութենական պետության պայմանագրի երրորդ հոդվածի համաձայն` այն խարսխված է մասնակից պետությունների սուվերեն հավասարության սկզբունքի վրա։
Գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում Գեղամյանը ստեղծված իրավիճակը համեմատեց 1961 թվականին տեղի ունեցած Կարիբյան ավազանի ճգնաժամի հետ, հետևաբար Հայաստանը, ըստ նրա, պետք է հստակեցնի իր դիրքորոշումն ու մոտեցումները` ելնելով իր ժողովրդի ու պետականության շահերից։
Խոսելով Արցախի անվտանգության մասին` Գեղամյանը հայտարարեց, որ պետք է ԼՂ–ն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գործընթաց սկսել Ղրիմի օրինակով։ Նրա համոզմամբ` դա կարող է լինել մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության երաշխիքը։