Արմավիրի մարզպետը փարաքարցիներին հանդարտության կոչ է անում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, անընդունելի համարելով միավորված Փարաքար համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, կողմերին կոչ է անում հանդարտություն պահպանել։ Այս մասին նշված է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
«Քաղաքական ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ եմ անում բոլորիդ՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից: Խնդրում եմ սպասել իրավական գործընթացների ավարտին»,-նշված է գրառման մեջ։
Փարաքարում ոստիկանների և «Ապրելու երկիր» կուսակցության համակիրների միջև բախումներ սկսվեցին
Նշենք, որ ժամեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները հավաքվել էին համայնքապետարանի առջև, որտեղ տեղի ունեցավ Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։
Դրանից հետո Վալոդյա Գրիգորյանը քաղաքացիների, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի հետ ցանկացան մտնել համայնքապետարան, որի մուտքը փակել են ոստիկանները։
Ոստիկանության ներկայացուցիչը, դիմելով Առաքելյանին, նշեց, որ ժամանակավորապես սահմանափակվել է անձանց մուտքը համայնքապետարան, քանի որ գործը գտնվում է վարչական դատարանում։
Փարաքարում բերման է ենթարկվել 7 անձ
«Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչներն ու համակիրները մի քանի րոպե ժամանակ տվեցին ոստիկանությանը, որպեսզի համայնքապետարանի մուտքը փակելու և ավագանու անդամներին ներս չթողնելու օրինական հիմքեր ներկայացնեն։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար:
Իսկ, ահա, «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է` ավագանու 11 ձայներով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ՔՊ-ի ավագանու անդամները):