Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստում ելույթ ունեցավ` դիմելով երևանցիներին։ Ներկայացնում ենք նրա ելույթի ամբողջական տարբերակը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանում այսօր մեկնարկել է Երևանի ավագանու հատուկ նիստը, որի ընթացքում կորոշվի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Հավաքվել էր 44 ստորագրություն, որից 39-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներինն էր։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացվել ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։ Նույն որոշման նախագիծը պետք է ներառի նաև ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ։ Այդ նիստում քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը որոշվում է գաղտնի քվեարկությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Երևանի ավագանին 65 անդամ ունի, ապա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար նրանցից առնվազն 33-ը պետք է կողմ քվեարկեն նախագծին։
Նշենք, որ «Իմ քայլն» այս պահին 52 անդամ ունի, որոնց թվում են նաև Հայկ Մարությանն ու նրան աջակցություն հայտնած 2 այլ անդամները։
Այդ դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում։