ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երևանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Գոլդեն Չոյս» ՍՊԸ–ին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։
Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Վերահսկողական գործողությունների արդյունքները փաստել են, որ տվյալ արտադրամասում սանիտարահիգիենիկ պայմանները ոչ բավարար են։
«Արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների և պատրաստի սննդամթերքի հանդիպակաց հոսքը, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում»,– նշում են ՍԱՏՄ–ից։
Ընդգծվում է նաև, որ լվացող և ախտահանող նյութերը պահվել են սննդամթերքի հետ նույն պահման տարածքում, կենցաղային սենքն ապահովված չի եղել հանդերձարանով, ձեռնարկված չեն եղել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, փաթեթավորման գործընթացը չի կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: