ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք:
Ըստ ՊԵԿ–ի հաղորդագրության` օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին և վերջինիս ուղեկցող ուղեբեռը:
Հայաստան ժամանած քաղաքացու ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ: Դրանք թաքցված են եղել նրա ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600.000 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին ձերբակալվել է:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից շարունակվում է համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով: