ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին խորհուրդ է տվել մի միջոց, որը, նրա խոսքով, թույլ է տալիս 12 շաբաթվա ընթացքում ազատվել 6 կիլոգրամից՝ առանց սննդային լուրջ սահմանափակումների։ Տեղեկությունը հայտնում է Daily Express-ը:
Մոսլին նշել է, որ կազմվածքը զգալիորեն բարելավելու լավագույն միջոցներից մեկը համարում է ընթրիքի ժամանակի շտկումը։ Վերջին ճաշը պետք է ուտել ամենաուշը ժամը 19:30-ին: Փորձագետի խոսքով՝ Նոթինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտությունը հաստատում է այդ մեթոդը: Գիտնականները հետազոտել են ավելորդ քաշ ունեցող 82 կանանց, որոնք կիլոկալորիաների նույն քանակությունն են օգտագործել, սակայն նրանց կեսն ընթրիքն ավարտել է 19։30-ին։
«12 շաբաթ անց երկու խմբերն էլ նիհարել են, բայց նրանք, ովքեր շուտ են ընթրել, կորցրել են միջինը մոտ յոթ կիլոգրամ, իսկ ավելի ուշ ընթրողները՝ միջինը հինգ կիլոգրամ։ Նրանք նաև մեկ դյույմ նիհարել են գոտկատեղի հատվածում և զգալիորեն բարելավել են արյան մեջ խոլեստերինի ու ճարպերի մակարդակը», - ասել է Մոսլին։
Նրա խոսքով՝ հետազոտողները կարծում են, որ ուշ ժամերին սնվելը կարող է ազդել այն գեների վրա, որոնք վերահսկում են մարմնի «արգելափակումը»: Դա գիրության ու երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկ է առաջացնում։