ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Եթե նախկինում նախադպրոցական հաստատություններում մանկավարժների ընտրության հայեցողական գործընթաց էր իրականացվում, և տնօրենը կարող էր կամայական մեկին աշխատանքի վերցնել, ապա հիմա այդ գործընթացը կարգավորվում է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին։
Նշենք, որ նոր նախագիծ է մշակվել, ըստ որի` նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով, այսինքն` մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգ է սահմանվում։
Նա հայտնեց, որ մանկավարժի ընտրությունը կիրականացվի 2 փուլով` նաև թեստ կհանձնեն, որի հարցաշարը կտրամադրի ԿԳՄՍՆ-ն, այսինքն` չեն կարող կամայական հարցեր ներգրավվել։ Կլինի նաև հարցազրույցի փուլ, որն էլ, ըստ Անդրեասյանի, հնարավորություն է տալու նախադպրոցական հաստատության պոտենցիալ աշխատակցի մանկավարժական հմտություններին ծանոթանալ։ Փոխնախարարը կարևոր է համարում նաև մրցույթի հետ կապված բողոքարկման մեխանիզմի ներդրումը. եթե որևէ մեկը մտածի, որ իրեն չեն ընտրել անարդարացի ձևով, կարող է բողոքարկել գործընթացը։
«Կարծում եմ` սա քայլ է առաջ, քանի որ երբ գործընթացը կարգավորված է, ավելի թափանցիկ և հաշվետվողական է։ Իհարկե, զերծ չէ ռիսկերից, բայց հնարավորություն ունենք նաև այս կարգը գործարկելուց որոշ ժամանակ անց մոնիթորինգ իրականացնել, ռիսկերը ֆիքսել և հետագա լրամշակումներով ավելի լավ կարգավորում ունենալ»,–ասաց փոխնախարարը։
Նշենք, որ սոցցանցերում այս նախագծի առնչությամբ կարծիքներ էին հնչում, որ մանկապարտեզների տնօրենների` մինչ այս արված գործունեությունը կասկածի տակ է դրվում, քանի որ խոսք է գնում կամայականությունների մասին։ Երևանի թիվ 128 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Պողոսյանը կարծում է, որ ճիշտ է մրցութային կարգով մանկավարժների ընտրությունը, չնայած նաև ռիսկային է։
Մյուս կողմից, ըստ նրա, նորավարտի համար կարևոր է մրցույթով անցնելը, քանի որ ավելի լավ կպատրաստվեն։ Հարցի լուծումը Պողոսյանը տեսնում է այսպես` չնայած այն հանգամանքին, որ ուսանողները պրակտիկա են անցնում, լավ կլինի, որ մինչ աշխատանքի անցնելու մրցույթի օրը նորավարտները վերապատրաստում անցնեն այլ մանկապարտեզներում ։
Իսկ ինչ վերաբերում է աշխատող ընտրելիս կամայական մոտեցումներին, ապա Պողոսյանը վստահեցնում է` կամայական մոտեցում չի եղել և չի լինի, քանի որ յուրաքանչյուր տնօրենի համար մանկապարտեզի սանի գիտելիքներն են կարևոր։
Նա հավելեց, որ դաստիարակը պետք է զինված լինի նորարարական մեթոդներով, այլապես մանկապարտեզից դուրս եկող երեխայի մոտ էլ լճացում կլինի։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ նախագիծն արդեն իսկ հանրային քննարկման է դրվել։