ՄԻՊ աշխատակիցները առանձնազրույց կունենան Մամիկոն Ասլանյանի հետ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյան իրավունքների հարցով։ Տեղեկությունը հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը: Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,– նշում են ՄԻՊ աշխատակազմից։
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպաններ
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Վանաձորի նախկին քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է, սակայն որոշումը փաստաբանները պատրաստվում են բողոքարկել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ առերևույթ տվյալներ է ձեռք բերել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:
Մամիկոն Ալսանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին։ Վերջինիս պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Լուսավոր Հայաստանը» Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ կապ չունի. Մարուքյան
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին լրացավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման 5 տարին: Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վանիկ Օհանյանը։
Դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքն ամենաշատ ձայներն է հավաքել` 12 810 քվե կամ 38.70 տոկոս ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25.06 տոկոս ձայն է ստացել, իսկ երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը` 14.53 տոկոսով։