Քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ–ի միջև դպրոցների բաժանումն արհեստական է. Դումանյան

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է, որ հանրակրթության ոլորտում շուտով կլինի մեկ միասնական կառավարման համակարգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության միջև դպրոցների բաժանումը կառավարչական առումով արհեստական է։ Այդ մասին Դումանյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի աշխատանքը` նախարարը պատասխանեց, որ նախարարության և վերոհիշյալ կառույցի միջև համագործակցային մթնոլորտ է։
«Լարերը չեն դիմանա». Բարձրաշենի դպրոցում աշակերտները վերարկուով են մասնակցում դասերին
«Քաղաքապետարանի կրթության վարչության բաժնի հետ մենք անընդհատ կապի մեջ ենք։ Գիտեք, որ հիմա հիմնական դպրոցները համակարգվում են քաղաքապետարանի կողմից, ավագները` նախարարության։ Կարծում եմ, որ կառավարչական առումով նման բաժանումն արհեստական է, սակայն դա քաղաքապետարանի հիմնախնդիրը չէ, այլ ընդհանուր խնդիր է»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` չկա մի կողմ, որի պատճառով նման «ժառանգություն» է մնացել։ Նախարարը հայտնեց` շուտով կունենանք միասնական կառավարման համակարգ։ Դումանյանը հավելեց, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը որևէ կոնֆլիկտային խնդիրներ չունի իրենց հետ` փոխլրացմամբ աշխատանքներ են տարվում։
Ռոբոտը մարում է կրակը. ՀՀ գյուղերի դպրոցականները զարմացրել են ժյուրիի անդամներին
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին` Դումանյանը պատասխանեց, որ նոր է իմանում այդ մասին, ուստի կարծիք հայտնել չի կարող։
Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։