Եկեք անկեղծ լինենք։ Երևի բոլորովին պատահական չէ, որ հենց այն ժամանակ, երբ Բրյուսելում, որտեղ հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, Ադրբեջանի նախագահը խոսում է Նախիջևանի հետ կապող ճանապարհներն առանց անցակետերի պիտի բացելու մասին, իսկ Անկարայում Թուրքիայի ղեկավարությունը հայտնում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նպատակով երկու երկրների բանագնացների հնարավոր նշանակման մասին։
Եթե վերհիշենք հայ-թուրքական հարաբերությունները բնականոն դարձնելու փորձերի պատմությունը, այլ բան չի մնա, քան եզրակացնել, որ այս անգամ նախապայմանը հիմնականում մեկն է՝ Բաքու-Նախիջևան երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների վերաբացումը։
Վերհիշենք ուրեմն։ Ամեն ինչ շատ վատ սկսվեց։ Մոտ 30 տարի առաջ, երբ հայերն ազատագրեցին Շուշին, Թուրքիայի կառավարությունը ակնարկեց, որ կարող է միջամտել Ղարաբաղյան հակամարտությանը և մայիսի 18-ի իր որոշման մեջ ուղղակիորեն սպառնաց։ Մեջբերեմ. «Հայաստանը գնում է շատ սխալ ուղով և բոլոր հետևանքների համար պատասխանատվություն կկրի, եթե չհրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից»:
Սակայն այն ժամանակ թուրքերին ստիպեց սթափվել մարշալ Եվգենի Շապոշնիկովի խրոխտ նախազգուշացումը. «Եթե որևէ այլ կողմ ներքաշվի այստեղ, մենք կարող ենք Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին հայտնվել»։
Բայց անցան տարիներ, պատերազմն ավարտվեց, և ուղիղ 20 տարի առաջ՝ 2001 թվականին, արվեց առաջին քայլը հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ։ Շատերը կհիշեն, որ այդ նպատակով Ժնևում ստեղծվեց, այսպես կոչված, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որի քննարկումների գլխավոր թեման Հայոց ցեղասպանության հարցն էր։ Վեճերը շատ թեժ էին։ Ընդամենը մի օրինակ։ Պաշտոնաթող թուրք դեսպան Օմեր Լյութեմը կարծիք հայտնեց. «Մեր գրքերը որևէ հիշատակում չեն պարունակում այն մասին, թե ներկայիս Թուրքիայի տարածքում հայեր են ապրել: Անատոլիան երբեք հայերի հայրենիքը չի եղել:
Դուք ընդամենը այցելուներ էիք»: Երբ Ալեքսանդր Արզումանյանը հակադարձեց, որ եթե հայերը Անատոլիայում երկար ժամանակ ապրած չլինեին, չէին կարող կառուցել ավելի քան 4 հազար եկեղեցի, հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Մումթազ Սոյսալին, փաստորեն պաշտպանեց Արզումանյանի տեսակետը՝ ասելով. «Մենք փորձեցինք այդ բոլոր եկեղեցիները ավերել, բայց դրանք չափից շատ էին»:
Կրկին անցան տարիներ։ Փոխվեց մթնոլորտը։ Նույնիսկ թուրք մտավորականության շրջանում շարժում սկսվեց հանուն հայերի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման։ Կար նաև այսպիսի հանգամանք. թուրքերից շատերը համոզված էին՝ հենց որ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի իշխանությունները անմիջապես թե՛ ֆինանսական փոխհատուցում, թե՛ տարածքներ կպահանջեն։ Սակայն այդ կասկածներն էլ հետզհետե փարատվեցին։ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Հյուրիեթ» թերթի թղթակից Ալի Բիրանդին տված հարցազրույցում փաստեց. «Հայաստանի Հանրապետությունը իր անկախացումից ի վեր երբեք Թուրքիայից կամ որևէ այլ երկրից տարածքային պահանջներ չի ունեցել: Մեր կառավարության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա այսօր»։
Եվ հենց այդ ժամանակաշրջանում էլ ձեռնարկվեց երկու ժողովուրդների հարաբերություններն արմատապես բարելավելու երկրորդ փորձը։
Երևի կարիք չկա մանրամասն անդրադառնալու, այսպես կոչված, Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրման և տապալման պատմությանը։ Բայց մի բան կարելի է փաստել՝ երկրորդ փորձը ձախողվեց, և այդ փաստաթղթերը չվավերացվեցին թուրքական պառլամենտում հիմնականում Ադրբեջանի անզիջում դիրքորոշման պատճառով։ Նեղացած Բաքուն անթաքույց ակնարկում էր Անկարային՝ ուրեմն այս հայերը մեր տարածքներն են գրավել ու չեն էլ ուզում դուրս գալ, իսկ դուք «սիլիբիլի»եք անում նրանց հետ։ Բա ասում էիք, թե մենք ձեր կրտսեր եղբայրնե՞րն ենք։
Այսինքն` թուրքերը շարունակ հավատացնելով, թե պատրաստ են բարելավել հարաբերություններն առանց որևէ նախապայմանի, ամեն անգամ լավ էլ դրել են այդ պայմանները՝ սկզբում ցեղասպանության հարցն էր, հետո հայկական ուժերի դուրսբերումը։ Հիմա, կներեք, պայման էլ չի մնացել։ Հայաստանի ներկա իշխանությունները, ինչպես շատերն են փաստում, այնքան էլ հակված չեն մեծ ջանքեր գործադրելու Հայոց ցեղասպանության հարցը առաջ տանելու համար, տարածքների խնդիրը, գիտեք, թե ինչպես է լուծվել, իսկ Արցախի պրոբլեմ, Ադրբեջանի պնդմամբ, այլևս ընդհանրապես գոյություն չունի։
Եվ ուրեմն համաձայնե՛ք, այսքանից հետո միանգամայն տրամաբանական է, որ քանզի Երևանում շարունակ հաստատում են Անկարայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը, թուրքերն էլ հասկացնում են՝ բացե՛ք Նախիջևանի հետ բոլոր ճանապարհներն առանց որևէ անցակետի, և միայն դրանից հետո մենք նույնիսկ ձեզ հետ դիվանագիտական հարաբերություններ կարող ենք հաստատել։ Միգուցե։