ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Թալին խոշորացված համայնքում ավագանու 3 մանդատ ստացած «Հայք» կուսակցությունը հրաժարվում է իր մանդատներից։ Այդ մասին հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը։
«Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ»,- գրել է Գրիգորյանը Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք` ընտրություններից հետո` դեկտեմբերի 7-ին, Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած ու ավագանու մանդատներ ստացած 3 քաղաքական ուժերը՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը հայտարարել էին, որ որոշել են համատեղ ստանձնել Թալին համայնքի կառավարման պատասխանատվությունը փոխադարձ հարգանքի և փոխօգնության սկզբունքներով և Թալին համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու ու պաշտպանելու են «Հայքի» ներկայացուցչին:
Այսօր, սակայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:
Նշենք, որ Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 46,63%–ը, իսկ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունն ու «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը միասին` 53,37 տոկոսը։ Այսինքն` կոալիցիա կազմելու դեպքում ռեալ շանսեր ունեին ստանձնելու համայնքի իրական ղեկավարումը։
Նշենք, որ 3 ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները ստացել էր «Զարթոնքը»` 2882 քվե կամ 26,68%, երկրորդ տեղում «Հայքն» էր` 1624 քվե կամ 15,04%, երրորդը` «Մեր համայնքը»`1258 քվե կամ 11,65%։