Սպասված առաջնախաղ Գյումրիում. «Մաուգլին» ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը

Անգլիացի աշխարհահռչակ գրող Ռ. Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մաուգլի» մեծամասշտաբ ներկայացումը գալիս է լրացնելու աճեմյանցիների խաղացանկի լավագույն ներկայացումների շարքը։
Sputnik
Երևան, 11 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 10 և 11-ին սպասված առաջնախաղ է՝ ներկայացվում է թատրոնի պատմության մեջ ամենամասշտաբային ներկայացումը՝ «Մաուգլին»: Բեմում ավելի քան 60 դերասան են, կրկնակին աշխատում են կուլիսներում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է «Մաուգլին»
Ամեն ինչ այնքան իրական է, որ ներկայացման 2 գործողությունների ընթացքում հանդիսատեսը լուռ է. վտանգավոր ջունգլիներում է հայտնվել մանուկ, որին իրենց հովանու տակ են առնում ազատ ցեղի գայլերը՝ պաշտպանելով ու դաստիարակելով նրան որպես գայլ:
«Երբ մարդը հեռանում է բնությունից, կորցնում է ամենակարևոր հատկանիշները: Կենդանին երբեմն ավելի հավատարիմ է, իսկ մենք կորցրել ենք այդ կարևոր հատկությունը: Ներկայացումը տարբեր ենթաշերտեր ունի, բացահայտումներ չեմ անի, բայց շատ ծանոթ մարդկանց ու հոգեվիճակներ կտեսնեք, որոնք կան նաև մեր երկրում, ինչի արդյունքում էլ մեր ազգի համար խնդիրներ են առաջանում»,-ներկայացումից առաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ նշեց բեմադրող ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:
Ասուլիս «Մաուգլի» ներկայացման պրեմիերայից առաջ
Նշենք, որ թատրոնի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ` իրական պատկեր ու տրամադրություն ստանալու համար: Դրամատիկականը սեփական բյուջեից 13 մլն դրամից ավելի գումար է ծախսել այդ նպատակի համար: Արդյունքում ստացվել են իրականությանը մոտ պատկերներ:

«Զգեստների ձևավորման համար գումար ՀՀ մշակույթի նախարարությունն է տրամադրել: Տարվա ընթացքում թատրոնն այնքան է աշխատել, որ կարող է իրեն թույլ տալ 13-14 մլն-ից ավելի ծախսատար ներկայացում բեմադրել»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

Ներկայացումով դրամատիկականն իր վերաբերմունքն ու գնահատականն է տալիս երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացնում է «Մաուգլին»
Օրհասական խնդրի ընկալումն ու վերարտադրումն արվեստի լեզվով. սա է նպատակը:
«Շատ այսօրեական շեշտադրումներ կային, վստահ եմ, որ այսօր յուրաքանչյուրն իրեն գտավ ու տեսավ»,- ասում է թատրոնի տնօրենը:
Ի դեպ, առաջնախաղերի տոմսերը սպառված էին վաղուց, անկախ այն հանգամանքից, որ սովորականից թանկ արժեին:
Թատերախումբը շուրջ մեկ տարի աշխատել է այս ներկայացման վրա, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը 35 տարի առաջ այս նույն բեմում Խորեն Աբրահամյանի բեմադրած «Մաուգլիում» Աքելա է խաղացել, իսկ այս ներկայացման Շերխանն էր լինելու, սակայն հանդիսականի շարքերում էր: Ներկայացման փորձերից մեկի ժամանակ ստացված վնասվածքից դեռ չի ապաքինվել:
«Մաուգլին» վերադառնում է Գյումրի. աճեմյանցիների մասշտաբային ներկայացումը
Ի դեպ, ներկայացման փորձերի ժամանակ շատերը հիվանդացան, բայց թատերախումբը ոչ մի օր չդադարեց աշխատել:
Արդյունքը հանդիսատեսի երկար ծափերն էին, որոնք վկայեցին՝ ներկայացումը ոչ միայն ստացված է, այլ նաև երկար ժամանակ պահանջված կլինի: